Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայիններն ազատ են արձակել առևանգված 76 աշակերտուհու
Նիգերիայում «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության իսլամիստները առևանգված 76 աշակերտուհու են ազատ արձակել: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 21-ին հայտնել է երկրի կառավարությունը:
Խոսքը 2018-ի փետրվարին Նիգերիայի հյուսիսարևելյան գյուղերից մեկում առևանգված աղջիկների մասին է: Երկրի տեղեկատվության նախարար Լայ Մոհամեդը տեղեկացրել է, որ 76 մարդու վերադարձը «փաստագրված է»:
Աշակերտուհիների ազատ արձակման լուրը թվիթերյան իր էջում հաստատել է նաև Նիգերիայի նախագահի խորհրդականը:
Հաղորդվում է, որ առավոտյան աղջիկներին գյուղ են բերել 9 մեքենայով և թողել են դպրոցի մոտակայքում: Տեղի բնակիչներից մեկի խոսքով՝ իսլամիստներն իրենց գործողություններն անվանել են «նախազգուշացում»՝ պահանջելով աղջիկներին այլևս դպրոց չուղարկել: