Ճապոնիայում Լավրովին ծննդյան օրվա առթիվ ուտելի գնդակ են նվիրել (լուսանկար)
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, որը պաշտոնական այցով գտնվում է Ծագող արևի երկրում՝ Ճապոնիայում, իր ծննդյան օրվա առթիվ հետաքրքիր նվեր է ստացել հյուրընկալող երկրի իշխանություններից:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն Լավրովին նվիրել է համեղ տորթ՝ պատրաստված ֆուտբոլային գնդակի տեսքով:
Ի պատասխան դրա՝ ՌԴ գլխավոր դիվանագետը ներկայացրել է 2018թ. Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը:
Աղբյուրը հավելում է, որ մարտի 21-ին ծննդյան 68-րդ տարեդարձը նշող Լավրովը հայտնի է ֆուտբոլի հանդեպ տածած սիրով: Նա մոսկովյան «Սպարտակ»-ի երկրպագու է:
Հետաքրքրական է, որ մի առիթով Լավրովը պատմել էր, որ բարդ իրավիճակներում կամ ծանր բանակցությունների ժամանակ մտածում է սիրած ֆուտբոլային ակումբի մասին, ու այդ մտքերն իրեն օգնում են հանգստանալ: