Դեղերի մասին օրենքում փոփոխությունը խնդրահարույց դրույթներ ունի և բերելու է դեղերի ինքնարժեքի բարձրացման. Սամվել Զաքարյան
Դեղերի մասին օրենքում փոփոխությունը խնդրահարույց դրույթներ ունի և բերելու դեղերի ինքնարժեքի թանկացման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
«Դեղերի մասին» նոր օրենքը ուժի մեջ է մտել 2017 թ.-ի դեկտեմբերին: Բացի դրանից, պետք է նախագծվեն 63 կարգեր, որոնք պետք է կարգավորեն օրենքի տարբեր հոդվածները: 63 կարգերից առաջինը դեղատոմսերով դեղերի բացթողման կարգն է, որի մասին Առողջապահության նախարարությունը հայտարարել է օրերս:
Սամվել Զաքարյանի խոսքով՝ այս կարգը առանձնապես նորություն չէ ՀՀ իրականության համար: Նրա տեղեկացմամբ՝ նախկինում էլ գործել են և՛ դեղատոմսերով դեղեր բաց թողնելու, և՛ հատով դեղի վաճառքն արգելելու կարգերը: Հատով դեղ բաց թողնելը չէր թույլատրվում ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս կարգով:
«Դեղատոմսերով բաց թողնելու մասին որ խոսում ենք, այնպես չէ, որ նախկինում էլ օրենքով թույլատրվում էր դեղեր բաց թողել, ուղղակի այս կարգով ավելի խիստ է կանոնակարգվելու և վերահսկվելու ոլորտը: Ստեղծվել է նաև տեսչություն նախարարությունում, որը պետք է հետևի, վերահսկի այն դեղերի վաճառքը, որոնք դեղատոմսերով են լինելու»,- նշեց նա:
Զաքարյանի տեղեկացմամբ՝ արդեն ընդունվել է դեղատոմսերի 4 ձև, որոնցով բաց են թողնվելու տարբեր կարգերի դեղեր:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է մարտի 1-ից սկսած դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգի մասին: Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողնման ենթակա է 2700-ը: Մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն միայն հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատները և կոդեին պարունակող դեղերը, իսկ հուլիսի 1-ից՝ ներարկումային և հակաուռուցքային բոլոր դեղերը, արդեն հոկտեմբերի 1-ից՝ մնացած բոլոր դեղերը:
«Բոլորն էլ հասկանում են, որ այս հատվածում հերթերի գոյացում է լինելու, ամեն ինչի համար պետք է գնալ բժշկի մոտ: Ինչքան էլ գնացուցակ լինի, որոշակի գումար պետք է վճարենք, բժիշկն էլ անպայման ձեզ կուղարկի ստուգման, որի համար նույնպես պետք է վճարել: Մի հասարակ գլխացավի համար կան մարդիկ, որ ավելի ուժեղ դեղեր են օգտագործում. խնդրահարույց է դառնալու, և ինքնարժեքի թանկացում է լինելու»,- ասաց Սամվել Զաքարյանը:
Նա նշեց, որ բոլորը նույն հարցն են բարձրացնում՝ եթե գիշերը գլխացավ կամ ատամի ցավ լինի, ինչպե՞ս պետք է դեղ գնել: Ըստ Զաքարյանի՝ պետք է կանոնակարգել այս մասը, հստակեցնել, թե ինչպես է այս դեպքում դեղերի վաճառքը կազմակերպվելու:
Սամվել Զաքարյանը մեկ այլ խնդիր է մատնանշում, որը վերաբերում է դեղատներում պայմանների՝ էլեկտրոնային առողջության ծրագրին: Ծրագրով յուրաքանչյուր դեղատուն պետք է ունենա համակարգիչներ, համապատասխան ID-ներ, որոնց միջոցով հիվանդների դեղատոմսերը պետք է էլեկտրոնայնացնել:
«Սա լավ է, մենք գնում ենք զարգացման ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ ինչպես միշտ, նմանատիպ դեպքերում անսպասելի փոփոխությունը կարճ ժամանակահատվածում է լինում: Մեր դեղատները պատրաստ չեն նմանատիպ ծախսերի: Ամեն ինչ արվում է, որ դեղերի ինքնարժեքը գնալով բարձրանա: Բազմիցս նշել ենք, որ նմանատիպ փոփոխություններ անելու համար մասնավորի հետ պետք է խորհրդակցել»,- նկատեց նա:
Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահը ՀՀ դեղերի շուկայում հարկային օրենսդրության անհրաժեշտություն է տեսնում: Մասնավորապես, խոսքը դեղերի համար ավելացված արժեքի հարկի վերացման մասին է:
«Վրաստանին հարստացնելու պրոցեսը գնալով ավելանում է, այժմ դեղերի մասին է խոսքը: Արդեն տարիներ շարունակ ահազանգում ենք, որ դեղերի 40 տոկոսը «կոնտրաբանդայի» ձևով բերվում է Վրաստանից, որովհետև այնտեղ 20 տոկոս ԱԱՀ չկա և 2-3 անգամ էժան է: Ամեն մի տաքսիստ, ամեն մի տուրիստ մտնում դեղեր է առնում և գալիս է Հայաստան: Ավելին, հիմա արդեն գնում բուժվում են, մի 2-3 ամսվա դեղերն էլ առնում են և հետ գալիս Հայաստան: Իմ օրինակով ասեմ՝ ամսվա կտրվածքով՝ իմ տասը դեղերը գնելու համար 200-400 հազար դրամի խնայողություն կանեմ, եթե Վրաստանից բերեմ»,- ասաց նա:
Դեղարտադրողները գումարների արտահոսքը կանխելու խնդրով դիմել են վարչապետին, սակայն արձագանք դեռ չկա: Սամվել Զաքարյանը համոզված է՝ դեղերի շուկայում Ադրբեջանի և Վրաստանի հետ մրցունակ լինելու համար ԱԱՀ-ի 20 տոկոսանոց դրույքաչափը պետք է հանվի: