«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի բարեկամները հրաժեշտ են տալիս ՊԵԿ-ին
«Մեր տեղեկություններով՝ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին օրերս հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում էր աշխատում։ Արգամիչի «գահընկեց» արվելուց հետո սպասվում էր, որ նրա մերձավորներն արագ «կհետևեն» նրան, և անգամ զարմանում էին, որ նրանք շարունակում են աշխատել։ Փաստորեն, մի քիչ ուշացած, բայց այդ կանխատեսումներն ի վերջո իրականություն դարձան։
Մամիկոնյանն իր կարիերան սկսել էր հարազատ Արտաշատից, որտեղ տարիներ շարունակ օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ապահովում էր ընտրությունների ցանկալի արդյունքներ։ Երբ Հովիկ Աբրահամյանի դիրքերը սկսեցին սասանվել, Մամիկոնյանին Արտաշատից տեղափոխեցին մերձակա հարկայիններ, իսկ օրերս ազատել են համակարգից։
Հիշեցնենք, որ նրա եղբայրը՝ Վահան Մամիկոնյանը ևս հարկայինում է, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, անգամ կանոնավոր աշխատանքի չի գնում։ Իհարկե, Վարդան Մամիկոնյանը տեսական հույսեր կարող է ունենալ՝ այլ նշանակման, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ դրա հավանականությունը կախված է միայն «տանիքի» ամրությունից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: