Քրիստոնյա տղամարդը մտրակի 36 հարված է ստացել Ինդոնեզիայում՝ ալկոհոլ վաճառելու համար (տեսանյութ)
Ինդոնեզիայում բնակվող քրիստոնյա Ջոնո Սիմբոլոնին հրապարակավ մտրակի հարվածների են դատապարտել ալկոհոլ վաճառելու համար, որը իսլամական օրենքի՝ շարիաթի խախտում է համարվում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, դիմակավոր իսլամիստ կրոնական ներկայացուցիչը ճիպոտով 36 հարված է հասցրել տղամարդուն Բանդա Աչեհ քաղաքի մզկիթի մոտակայքում, որտեղ տեսարանը դիտելու էր հավաքվել տեղի բազմությունը:
Մտրակի հարվածներ ստանալով՝ իսլամական օրենքը խախտած տղամարդը խուսափել է երկարատև ազատազրկումից:
Վերջինս երրորդ ոչ մուսուլմանն է, որը հանրային պատժի է ենթարկվում Սումատրա կղզում գտնվող այդ քաղաքում, որտեղ իսլամական օրենքները տարածվել են 2001 թվականին: Քաղաքի 5 մլն բնակչության 98 տոկոսը մահմեդական է և հետևում է շարիաթի կանոններին: