ՄԱԿ-ի ԱԽ-ում երկուշաբթի կքննարկվի Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հարցը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հունվարի 22-ին կքննարկեն Սիրիայում ծավալվող իրադարձությունները: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Ֆրանսիացի գործիչն այդ մասին գրել է իր թվիթերյան էջում՝ նշելով, որ ամենից առաջնայինը սիրիացիներին հումանիտար օգնության հասանելիությունն ապահովելն է:
Ալժիր կատարած այցի ընթացքում Ժան-Իվ Լե Դրիանը հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ հրավիրելու կոչով՝ պայմանավորված Սիրիայում լարվածության սրմամբ:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, իր հերթին, հայտարարել է, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիան կամ մեկ այլ երկիր բարձրացնի Աֆրինի գործողությունների հարցը, Թուրքիան դա կդիտարկի որպես «ահաբեկիչների» կողմն անցնել:
Սիրիայի Աֆրին քաղաքում, որտեղ բնակվում են քրդական զորամիավորումները, թուրքական օդուժը ռազմական գործողություններ է սկսել հունվարի 20-ին: