Իրանում նոր ցնցումները չեն կարող անհետևանք մնալ տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա․ Նարեկ Մինասյան
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝ Իրան-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածության աճը և ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները քննարկելիս՝ պետք է հասկանալ, թե ԱՄՆ-ի կողմից ինչ տիպի պատժամիջոցներ են ավելանում:
Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները մի քանի խմբի են բաժանվում․ միջուկային ծրագրին վերաբերող պատժամիջոցներ, որոնք վերացվեցին դրա շուրջ ձեռքբերված համաձայնության արդյունքում և մարդու իրավունքների խնդիրներին ու Իրանի հրթիռային ծրագրին վերաբերող պատժամիջոցներ: «Այդ պատժամիջոցները պետք է տարանջատված ներկայացվեն»,- նշեց նա:
Քաղաքագետը նաև հավելեց, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը պետք է դիտարկել երկու հարթություններում՝ ԱՄՆ-ի ներսում և ԱՄՆ-դաշնակիցների հարթակում:
«Առաջինի պարագայում հետևյալ իրավիճակն է․ժամանակին, Օբամայի վարչակարգի կողմից կնքվել միջուկային գործարք, որը համարվում էր բավական լուրջ ձեռքերում, և բնականաբար, դեմոկրատների կողմից շատ կարևորվում է: Հանրապետականները, մասնավորապես, Թրամփը այլ մոտեցում ունեն միջուկային ծրագրի հետ կապված։ Նա դրա մասին բազմիցս բարձրաձայնել է նաև իր նախընտրական քարոզարշավում՝ նշելով, որ այդ համաձայնությունում Ամերիկայի շահերը հաշվի չեն առնվել, պետք է այն չեղարկել: Բնականաբար, այստեղ կարող է լինել որոշակի հրեական լոբբի, սակայն, ընդհանուր առմամբ, այս խնդիրը ներամերիկյան կոնյուկտուրայում բավականին հետաքրքիր է ընկալվում»,- ասաց նա:
Նարեկ Մինասյանը մատնանշեց՝ դեմոկրատներն ամեն կերպ պաշտպանում են միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված գործարքը, իսկ հանրապետականների դեպքում մի մասն է սատարում դրան․ ամբողջական կոնսենսուս այս կուսակցությունում նշյալ հարցի շուրջ չկա:
«Քանի դեռ Թրամփի կողմնակիցները մեծամասնություն չեն կազմում, տվյալ գործարքը չի կարող չեղարկվել: Իսկ Թրամփը միայնակ չի կարող նախաձեռնել նման գործընթաց, հետևաբար, նա ցանկացած առիթով փորձելու է մեծացնել իր համակիրների թիվը»,- ասաց նա՝ նշելով, որ 2018 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններ են, և Հանրապետականները փորձելու են ամեն կերպ ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը։ «Բայց անգամ մեծամասնություն լինելու պարագայում էլ երաշխիք չկա, որ հանրապետականները կպաշտպանեն Թրամփի նախաձեռնությունը, որովհետև դրան վերաբերող կարծիքները կուսակցության ներսում տարբեր են»:
Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագրի նկատմամբ տարվող Թրամփի քաղաքականության վերաբերյալ վերապահումներ ունի նաև Եվրամիությունը: Քաղաքագետի խոսքով՝ ԵՄ-ն և Եվրամիության առաջատար երկրները միաբերան պնդում և հայտարարում են, որ Իրանը պարտաճանաչ ձևով կատարում է սեփական պարտավորությունները, հետևաբար, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնությունները չեղարկելու համար որևէ հիմք չկա:
«Անգամ Մակրոնը կոչով դիմեց նույն Թրամփին, որ չձեռնարկվեն միջոցներ միջուկային ծրագրի գործարքը չեղարկելու ուղղությամբ: Թրամփի պարագայում մենք տեսնում ենք որոշակի մոտեցման տարբերություն, և այդ հակասությունը ԱՄՆ-ի և իր գործընկերների միջև խորանում է: Մենք տեսնում ենք, որ այդ տարբերությունն իրոք լրջացել է»,- ասաց նա:
Նարեկ Մինասյանը համաձայնեց, որ չնայած հիմնախնդիրը վերաբերում է մեր տարածաշրջանին, դեռևս հակասությունն ակտիվորեն չի դրսևորվում այստեղ,այն առավել շատ դրսևորվում է Եվրամիության և ԱՄՆ-ի միջև: Եվ քանի դեռ այս խնդրի վերաբերյալ կա տարաձայնություն նշյալ կողմերի միջև, ԱՄՆ-ի կողմից առավել ծայրահեղ քայլեր կիրառելը քիչ հավանական է:
«Բայց դա չի բացառում, որ այլ խնդիրների հետ կապված էլ Միացյալ Նահանգները ավելացնի իր կողմից կիրառվող պատժամիջոցները Իրանի նկատմամբ»,- նշեց նա:
Իրանի հետ կապված ցանկացած կոշտ արձագանք, ճգնաժամ, Նարեկ Մինասյանի խոսքով, իր բացասական հետևանքն է ունենալու ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի վրա:
«Միջուկային գործարքից հետո Իրանը բավականին ակտիվ քայլեր ձեռնարկեց տարածաշրջանում իր ազդեցության մեծացման ուղղությամբ, և բացի այդ կյանքի կոչվեցին և ապասառեցվեցին մի շարք տարածաշրջանային նախագծեր, ակտիվացվեցին տնտեսական կապերը, և այս նոր ցնցումները, լարվածությունը, չի կարող անհետևանք մնալ տարածաշրջանի համար: Բնականաբար, Հայաստանը շահագրգռված է, որ ցանկացած խնդիր կարգավորվի քաղաքական երկխոսության միջոցով, որովհետև մեր տարածաշրջանի դեպքում ցանկացած նման ցնցում բավականին վտանգավոր է՝ հաշվի առնելով մերձավորարևելյան այլ ճգնաժամային օջախները: Նոր օջախների առկայությունը որևէ կերպ մեր շահերից չի բխում»,- նշեց նա: