Երթը չէ, որ որոշելու է գնաճի նվազեցումը կամ կանխումը, պետք է աշխատանքներ տանել օրենսդրական դաշտում. Վարդևան Գրիգորյան
Եթե իմանանք, որ թանկացումների դեմ երթով ժողովրդի կենսական մակարդակը կբարձրանա՝ կմիանանք, բայց մենք համոզված ենք, որ երթը չէ, որ որոշելու է գնաճի նվազեցումը, կամ կանխումը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:
Նրա կարծիքով՝ պետք է աշխատանքներ տանել օրենսդրական դաշտում: «Իմ կարծիքով հարկավոր է օրենսդրական դաշտում Հարկային օրենսգրքի փոփոխություններ կատարել կամ հետաձգել այդ հարկային փոփոխությունները, և նման միջոցառումներ ձեռնարկել, որ այս թանկացումներն ինչ-որ տեղ մեղմացվի»,-ասաց նա:
Վարդևան Գրիգորյանը, այդուհանդերձ, նշեց, թե սոցիալական «բունտի» նախանշաններ չի տեսնում: «Բունտի նախանշաններ չեմ տեսնում, բայց չի բացառվի, որ նաև, որ եթե միջոցառումներ չձեռնարկվի, այո, կարող է ժողովուրդը ոտքի կանգնել»,-ասաց նա:
Վարդևան Գրիգորյանը` որպես գյումրեցի, պատկերացնում է, թե ինչ ազդեցություն կունենան թանկացումները առանց այդ էլ հանրապետության ամենաաղքատ մարզի բնակչության համար: «Ես, շփվել եմ ժողովրդի հետ և ամենալավը ես գիտեմ, թե ինչ է կատարվում գյումրեցիների հետ, եթե մարդը չունի աշխատանք, չունի եկամուտ, լավ ապրելը բացառվում է»,- ասաց նա: