Ալիևը փորձում է աղավաղել ԼՂ կոնֆլիկտի էությունը. Արմեն Ռուստամյան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումից ակնկալիք չունեմ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Նման հանդիպումներից ակնկալիքներ ունենալ չեմ կարող ունենալ մինչև այն ժամանակ, քանի դեռ Ալիևը չի կարողանում իրականության հետ հաշվի նստել: Մարդն անընդհատ հայտարարում է, որ հարցը պետք է լուծվի իր պատկերացրած ձևով, որը բացարձակապես կապ չունի հակամարտության էության հետ: Նա փորձում է աղավաղել հակամարտության էությունը, պատրաստել դրան իր հասարակությանը և գիտի, որ եթե այդ կերպ խնդիրը դնի, այդ նպատակները դնի, դրան հասնելու միակ միջոցը պատերազմն է»,- ասաց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք ջանք ու եռանդ չեն խնայում ցույց տալու համար, որ իրենց բանակն ամենահզորն է, «քիչ է մնում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի բանակներն անցնի»:
«Այս հոխորտանքները մենք անընդհատ լսում ենք ու այդ ֆոնի վրա լսել տրամաբանական ու ողջամիտ կեցվածքի մասին անիմաստ է: Ադրբեջանը դեռևս մնում է անբանակցելի կողմ: Ադրբեջանը պետք է որոշի՝ կամ բանակցում է, կամ պատերազմում է: Մենք երկուսին էլ պատրաստ ենք»,- ասաց Ռուստամյանը:
Ըստ նրա՝ կողմերի միջև հանդիպումների նպատակը պետք է լինի բանակցությունների սեղանի մոտ բերել Ադրբեջանին, բացի այդ, Ռուստամյանի խոսքով, Ադրբեջանին պետք է ապացուցել, հասկացնել, որ բանակցություններին պետք է մասնակցի նաև Ղարաբաղը: