Իրանը հրաժարվել է վերանայել Վիեննայում կնքված միջուկային համաձայնագիրը
Իրանը կրկին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը Թեհրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրում լուրջ փոփոխություններ կատարելու շուրջ:
«Այդ պայմանագիրը միջազգայնորեն ճանաչված և ավարտված պակտ է և չի կարող նոր քննարկումների առարկա դառնալ», - DW.com-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը: Փաստաթղթում նշվում է, որ այդ պատճառով Թեհրանը չի համաձայնի փոփոխություններ անել և նոր պարտավորություններ չի ստանձնի, որոնք 2015 թվականին Վիեննայում կնքված պայմանագրից դուրս են:
Ավելի վաղ Սպիտակ տունը 120 օրով հետաձգել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների թարմացումը, սակայն նշել էր, որ այդ ժամանակահատվածում Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրում պետք է լուրջ փոփոխություններ սահմանվեն: