Բացասական եմ գնահատում հաստիքների կրճատումը, մարդկանց գործազուրկ դառնալու դեպքում ավելի շատ սոցիալական խնդիրներ են առաջանալու. Ռուստամ Գասպարյան
Ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ողջունում է Կառավարության նոր նախագիծը, որով առաջարկվում հաստիքների կրճատման դեպքում աշխատանքի մնալու նախապատվությունը տալ նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե սա ազատամարտիկին արժևորելու քայլ է:
«Ողջունելի քայլ է, որ այսօր հաշվի են նստում ազատամարտիկի հետ, գնահատում են, նրանց աշխատանքային խնդիրներն են փորձում կարգավորել, այսինքն՝ գոնե կրճատման տակ չեն ընկնում մարդիկ: Սակայն դժվար է հասկանալ, թե ինչպես, որտեղից են ազատամարտիկներին կրճատում, եթե իրենք աշխատանք չունեն, իսկ եթե կան, պայմանագրային զինծառայողներ են»,- ասաց նա:
Հարցին՝ հաշվի առնելով, որ շատ ազատամարտիկներ համապատասխան փաստաթուղթ չունեն և հակառակ` չծառայածներն ունեն, սա կարո՞ղ է խնդիրներ առաջացնել, Գասպարյանը պատասխանեց. «Մարդիկ կռվել են, բայց եթե համապատասխան փաստաթուղթ չունեն դա իրենց մեղավորությունն է, որ չեն զբաղվել: Բոլորին էլ տալիս են այդ գրքույկները, եթե չունեն, ուրեմն՝ իրենք չեն զբաղվել դրանով»:
Ազատամարտիկների աշխատանքի հետ կապված խնդիրը Ռուստամ Գասապարյանն դիտարկում է նաև Զինված ուժերում մնալու տարիքային սահմանափակումների համատեքստում: Նա բնական է համարում, որ բանակը պետք է թարմացնել, սակայն որոշ կրճատումների հետ համակարծիք չէ:
«Բնական է, որ այսօր բանակը պետք է երիտասարդացնել, եթե ունենք համապատասխան կադրեր և քանակություն, բայց ամեն դեպքում ինչ-որ տեղ մի քիչ ես չեմ ուզում համաձայնել դրա հետ, որովհետև ավելի փորձառու են 40 քառասունից բարձր անձիք: Գոնե մինչև 50 տարեկան լինեն, քանի որ այդ տղաներն ավելի ուշադիր են, ավելի զգույշ են դիրքերում ծառայությունը կատարում, կարելի էր, գոնե, մինչև 45-50 տարեկանը նրանք ծառայությանը պիտանի լինեին»,- ընդգծեց Ռուստամ Գասպարյանը:
Միևնույն ժամանակ նախկին պատգամավորը բացասական է մոտենում աշխատանքային հաստիքների կրճատման տենդենցին, քանի որ գտնում է, որ մարդկանց գործազուրկ դառնալու դեպքում ավելի շատ սոցիալական խնդիրներ են առաջանալու: Թեպետ նա կարծում է, որ պատերազմող երկրի համար նման իրավիճակն անակնկալ չի, որովհետև գտնում է, որ բանակը հարկավոր է պահել:
«Երկրի վիճակն է այդպիսին, լավ օրից չէ, որ կրճատումների ճանապարհով են գնում, եթե այսօր երկիրը հնարավորություն, բյուջե ունենար, համոզված եմ՝ այս կրճատումը չէր արվի, ու մարդիկ աշխատատեղ կունենային, կամ գոնե չէին կորցնի ունեցածը, իրենց ընտանիքիներն էլ կպահեին: Բայց այսօր երկիրը բանակը պահելու համար, բնական է, որ միջոցներ պետք է ստեղծի: Մենք պատերազմական իրավիճակում ենք, ինչքան էլ ասեն զինադադար է, միևնույն է, պատերազմը կա, դիրքերում կրակոցներ կան, զոհեր կան: Միշտ էլ զինամթերքը թարմացնելու կարիք կա, այդ խնայված միջոցները, որոնք ձեռք են բերվում այս կողմից, այն կողմից, տրամադրվում է բանակին»,- եզրափակեց Ռուստամ Գասպարյանը: