Թրամփի կողմնակիցները խափանել են Լոնդոնի քաղաքապետի ելույթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի խումբ կողմնակիցներ շաբաթ խափանել են Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանի ելույթը բրիտանական մայրաքաղաքում:
Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաալիքը, Թրամփի կողմնակիցները ներխուժել են դահլիճ, որտեղ ելույթի էր նախապատրաստվում քաղաքապետը, և սկսել են կարգախոսներ վանկարկել ի պաշտպանություն ԱՄՆ նախագահի և ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն:
Բացի այդ, նրանք պահանջում էին ձերբակալել Խանին: Բողոքի ակցիայի մասնակիցներին ձերբակալել են:
Ինչպես նշվում է, Թրամփի կողմնակիցների ակցիան պայմանավորված է եղել Լոնդոնում ԱՄՆ նոր դեսպանության բացմանը չայցելելու մասին Թրամփի որոշմանը Լոնդոնի քաղաքապետի հնչեցրած արձագանքով:
Խանը հայտարարել էր, որ հավանություն է տալիս Թրամփի որոշմանը՝ ասելով. «Հաջորդ ամիս ծրագրված նրա այցն, անկասկած, կբերի զանգվածային բողոքի ցույցերի»: