Մեծ Բրիտանիայում ԵՄ-ը համեմատել են գոլֆ ակումբի հետ, որը տուգանում է դուրս գալ ցանկացողներին
Մեծ Բրիտանիայի կանցլեր և ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը քննադատել է Եվրոպական Միության քաղաքականությունը Brexit-ի վերաբերյալ և համեմատել այն գոլֆ ակումբի հետ, որը տուգանում է դուրս գալ ցանկացող անդամներին: Այս մասին հայտնում է Welt am Sonntag պարբերականը:
Նախարարը նաև նշել է, որ ինքը հասկանում է Բրյուսելի տրամաբանությունը, որը, ձգտելով չհրահրել Լոնդոնին ընդօրինակողներին, կոշտ քաղաքականություն է ընտրել նրա հանդեպ, սակայն որպես «պարանոյա» է որակել այս քաղաքականությունը:
«Չի կարելի ակումբ պահել՝ տուգանելով այն անդամներին, որոնք որոշել են լքել այդ ակումբը», - ասել է Համոնդը: Նրա կարծիքով՝ անդամ պետությունների միավորման գրավչությունը մեծացնելու համար ԵՄ-ը պետք է կրկնապատկի իր ջանքերը:
Համոնդի խոսքով՝ աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, «ցանկություն և ոգևորություն» են արտահայտում Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր ստորագրելու հարցում: «Մենք նման բան չենք լսում Եվրոպայից: Եվրոպայից մենք հակառակ բան ենք լսում», - ասել է նա:
Հայտնի է, որ Մեծ Բրիտանիան պետք է լքի ԵՄ-ը մինչև 2019 թվականի մարտի վերջ: