Դահուկավազքի Հայաստանի առաջնությունն անցկացվում է Աշոցքում
Ծաղկաձորի փոխարեն ձյան շերտի ու հարմարավետ վազքուղու շնորհիվ դահուկավազքի Հայաստանի առաջնությունն անցկացվում է Աշոցքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Շիրակի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչությունից, միջոցառումն ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ծրագրում և շնորհում է օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշային միավորներ:
Առաջնությանը, բացի Հայաստանի թիմերից, մասնակցելու են նաև դահուկորդներ Իրանից, Մեքսիկայից, Բրազիլիայից, Չիլիից:
Դիրքի, տեղանքի ու պայմանների շնորհիվ Աշոցքի դահուկուղին միջազգային չափորոշիչներին համապատասխան և դահուկային սպորտի ֆեդերացիայում գրանցված դահուկուղի է, ինչն էլ հնարավորություն տվեց մրցաշարն այս տարի անցկացնել Աշոցքում: Միջոցառման ծրագրում են կանանց 5 կմ, ազատ և դասական ոճեր, տղամարդկանց 10 կմ, ազատ ոճ և դասական ոճեր, սպրինտ՝ տղամարդիկ և կանայք, եզրափակիչ փուլից բացի տեղի կունենա նաև որակավորման փուլ: