Բրիստոլում փշեր են տեղադրվել ծառերի վրա՝ թանկարժեք ավտոմեքենաները թռչնաղբից պաշտպանելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի էլիտար թաղամասերից մեկում փշեր են տեղադրվել ավտոկանգառի մոտ գտնվող ծառերի ճյուղերի վրա՝ թանկարժեք ավտոմեքենաները թռչնաղբից պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է Bristol Post-ը:
Նշվում է, որ սովորաբար պաշտպանիչ փշերը տեղադրվում են շինությունների անկյուններում, որպեսզի թռչունները բներ չկառուցեն այնտեղ, կամ առևտրի կենտրոններում՝ հաճախորդներին պաշտպանելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բրիստոլում փշերն ամրացվել են երկու ծառի վրա, որոնց տակ գտնվում է BMW և Audi մակնիշի ավտոմեքենաների կայանատեղը:
«Մեր պատերազմը կենդանի բնության հետ. այժմ թռչուններին արգելվո՞ւմ է նստել ծառերի վրա: Բրիստոլի Քլիֆթոն թաղամասում ավտոկայանատեղի մոտ գտնվող ծառերի վրա թռչուններին հետ քշելու համար նախատեսված փշեր են տեղադրվել: Որևէ մեկը տեսե՞լ է նման բան ավելի վաղ: Ինչպե՞ս է կարելի», - Twitter-ում գրել է սոցիալական մեդիայի մարքեթինգի մասնագետ Ջենիֆեր Գարեթը՝ հրապարակելով այդ փշերի լուսանկարը:
Բազմաթիվ օգտատերեր միացել են Գարեթի բողոքին՝ անթույլատրելի անվանելով այս քայլը: