Թող Թուրքիան էլ մտածի` ինչպես վերականգնել հայ-թուրքական հարաբերությունները, իրենք են վիժեցրել գործընթացը, թող իրենք էլ շտկեն իրավիճակը. Հակոբ Չաքրյան
Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր նախաձեռնություն չի ցուցաբերի, քանի որ նրանց ուշադրությունը զբաղված է այլ գոտիներով: Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նա նշեց, որ Հայաստանն այլ ելք չուներ, քան հայտարարել, որ հետ է վերցնելու իր ստորագրությունն այս արձանագրությունների տակից, որովհետև Թուրքիան ձախողեց այս գործընթացը: Այնինչ, ըստ Հակոբ Չաքրյանի, հենց Թուրքիային էլ պետք են հայ-թուրքական հարաբերությունները: Նա նշեց, որ Հայաստանը 91թ.-ից բաց սահման չի ունեցել Թուրքիայի հետ և մենք արդեն սովորել ենք առանց Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալու «յոլա» գնալ:
- Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը, ինչպես երեկ հավաստիացրեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին, ոչ մի նշանակություն չի ունենա իրենց համար: Սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, վերջնաժամկետ էր տվել թուրքական իշխանություններին՝ նշելով, որ Հայաստանը 2018թ.-ի գարուն է մտնելու առանց այս արձանագրությունների: Չավուշօղլուի այս հայտարարությունը պատասխա՞ն է Սերժ Սարգսյանին:
- Այո, սա ուշացած պատասխան էր պաշտոնական Երևանի հայտարարությանը: Հայաստանն այլ հնարավորություն, քան հայտարարել, որ ստիպված է հետ կանչել իր ստորագրությունը, չունի, որովհետև Թուրքիան վիժեցրել էր այս գործընթացը:
- Չավուշօղլուն նշել է, որ իրենց համար արձանագրությունների վավերացման նախապայման է եղել ու մնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հօգուտ Ադրբեջանի: Այսպիսով` Անկարան ակնկալում է որևէ զիջո՞ւմ Հայաստանի կողմից:
- Չավուշօղլուն պետք է իմանա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ֆրանսիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին: Ինչ էլ անի Թուրքիան, եռանախագահները չեն զիջի նրանց համանախագահելու իրավունքը: Որքան էլ Թուրքիան ցանկանա ընդգրկվել այս կազմում, նրանք այն երկրները չեն, որ ընկրկեն Թուրքիայի առաջ: Ակնհայտ է, որ թուրքերին չեն զիջի, մանավանդ՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ն, որոնք Թուրքիայի մեղադրում են իրենց՝ հարավկովկասյան քաղաքականության խոչընդոտը հանդիսանալու համար: Այնպես որ նման հայտարարությունները ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ եռանախագահների համար կարևոր չեն: Թուրքիան դեռ 91թ.-ից ղարաբաղյան հակամարտության հարցը դարձրել է նախապայման: Գիտեք, որ այն 3 նախապայմաններից մեկն է: Այն ժամանակ Ղարաբաղի հարցը, որպես նախապայման Թուրքիային անհրաժեշտ էր ոչ թե Ադրբեջանի համար, իրենց եղբայրների համար, այլ հենց իրենց համար: Թուրքիան Ղարաբաղը ուզում է ոչ թե Ադրբեջանի, այլ՝ հենց իր համար, որ իրականացնի Ղարաբաղի նկատմամբ իր նկրտումները:
- Պարո՛ն Չաքրյան, կարծում եք, որ Թուրքիայի իշխանությունները թույլ կտան, որ Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը արձանագրությունների՞ց:
- Թուրքիան այդ արձանագրությունները վաղուց է վիժեցրել: Դրանք 2009թ.-ին էին ստորագրվել, բայց քանի՞ տարի է անցել, այդպես էլ մնացել են: Կասկածում եմ՝ այլևս հնարավո՞ր է վերականգնել այդ արձանագրությունները, թե ոչ, հատկապես, որ տարածաշրջանում բավական լարված դրություն է, ամենուրեք պատերազմ է, քաոս է, իսկ այս պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների վերաթարմացման նոր նախաձեռնություն հազիվ թե առաջ քաշվի: Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր նախաձեռնություն չի ցուցաբերի, քանի որ նրանց ուշադրությունը զբաղված է այլ գոտիներով: Օրինակ՝ Միջին Արևելքի խնդիրները և այլն:
- Եթե Թուրքիային այս արձանագրություններն իսկապես հետաքրքիր չեն, կարո՞ղ է լինել ինչ-որ գործոն, որ Սերժ Սարգսյանը մտափոխվի, մոռացության տա իր հայտարարությունը՝ 2018թ.-ի գարուն առանց այս սին արձանագրությունների մտնելու մասին:
- Այդ արձանագրություններում կողմերից մեկը Հայաստանն է, մեկը՝ Թուրքիան: Երկուսն էլ հավասարապես իրավունք ունեն հայտարարություններ անել: Եթե Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արել է, ուրեմն հիմքեր ունի, հենց այնպես հայտարարություն չէր անի: Գուցե որևէ ինֆորմացիա կա, որը մենք չգիտենք: Հնարավոր է, որ Եվրամիության հետ, ԱՄՆ հետ քննարկվել է այս հարցը…
- Նկատի ունեք, որ Սերժ Սարգսյանը համաձայնությո՞ւն է ստացել:
- Չի բացառվում: Ես չգիտեմ՝ նման բան եղել է, թե ոչ, գուցե մեր դիվանագետները, ոչ թե Սերժ Սարգսյանն անձամբ, ինչ-որ ինֆորմացիա ունեն, մի բան գիտեն, որ նման հայտարարություն են անում:
- Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորման գործընթացը պաշտոնապես կչեղարկվի, եթե Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունը: Ի՞նչ է լինելու դրանից հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, խա՞չ է քաշվում այս հարաբերությունների կարգավորման հույսերի վրա:
- Խաչ չի քաշվում: Արձանագրությունների վիժեցման պարտավորությունը ընկնում է Թուրքիայի վրա, այս գործընթացը Հայաստանը չէ, որ վիժեցրել է: Սկզբունքորեն, Հայաստանը 91թ.-ից բաց սահման չի ունեցել Թուրքիայի հետ, մենք արդեն սովորել ենք առանց Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալու «յոլա» գնալ: Եվ հետո, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ավելի շատ Թուրքիային են պետք: Թող իրենք մտածեն, իրենք են վիժեցրել այս գործընթացը, թող իրենք էլ ճշտեն իրավիճակը: