Ավստրալիայի Մելբուրն քաղաքում զանգվածային վրաերթից հետո քաղաքի իշխանությունները չեղարկել են սուրբծննդյան ծրագիրը
Այսօր Ավստրալական Վիկտորիա նահանգում տեղի ունեցած զանգվածային վրաերթից հետո Մելբուրն քաղաքի իշխանությունները հայտարարել են քաղաքում սուրբծննդյան ծրագրի չեղրակման մասին՝ որպես հարգանքի նշան վրաերթից տուժած մարդկանց:
Այս մասին տեղեկացվել է քաղաքի ղեկավարության Twitter –ի պաշտոնական էջում:
Հրապարակման մեջ Մելբուրնի իշխանությունները հայտնել են, որ այսօր սուրբծննդյան ծրագրի մաս կազմող լուսային շոուն կչեղարկվի, նրանք նաև հավելել են, որ իրենց մտքերը դեպքից տուժած քաղաքացիների հետ են:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի Մելբուրն քաղաքի կենտրոնում այսօր մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Վրաերթի ականատեսները մանրամասնել են, որ մեքենան սլացել է մոտ 100 կմ/ժ արագությամբ, մխրճվել մոտ 60 հոգուց բաղկացած ամբոխի մեջ ու բառացիորեն սկսել «հնձել» անցորդներին: Վրաերթից տուժել է 14 մարդ:
Ոստիկանությունը հայտնել է, որ մեքենայով տասնյակ մարդկանց վրաերթի ենթարկած տղամարդը տառապում է հոգեկան խանգարմամբ։ 32-ամյա տղամարդը ծնունդով Աֆղանստանից է: Ընդ որում՝ դեռևս չկան հստակ ապացույցներ, որ միջադեպը կապված է ահաբեկչության հետ: