Ինձ մոտ մեկ կանոն է գործում՝ ընկերներին բարձրացնել, այլ ոչ թե իջեցնել. Վահրամ Բաղդասարյանը՝ Արա Բաբլոյանի դեմ գործելու մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե ՀՀԿ-ի՝ Գործադիր և Օրենսդրի մարմիների միջև հակասություն կա: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ երեկ տեղի ունեցած միջադեպին նշեց, որ խնդիրը հակասությունների մեջ չէ, այլ իրավաբանների տարբեր մեկնաբանությունների:
«Շարժվում ենք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կարծիքով, որովհետև այդ հանձնաժողովի շրջանակներում է գտնվում եզրակացություն տալը՝ այս օրենքի նախագիծը սահմանադրական է, թե՝ ոչ: ԱԺ նախագահն էլ շարժվել է այդ հորդորով: Եթե կան այլ կարծիքներ՝ Արդարադատության նախարարության և պետաիրավական հանձնաժողովի միջև, դրանք մասնագիտական վեճի շնորհիվ կարող են վիճարկել, իսկ վերջնական պատասխանը կարող է տալ Սահմանադրական դատարանը: ԱԺ նախագահն էլ նիստը վարել է կանոնակարգ օրենքի համաձայն»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ մամուլում կան տեղեկություններ, թե Դուք ցանկանում եք զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը, այդ իսկ պատճառով Ձեր մտերիմ պատգամավորների հետ փորձում եք ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին «գցել» վատ աշխատանքի համար, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.«Դա հիմնականում այն լրատվամիջոցն է գրել, որին ես երկար ժամանակ է հարցազրույց չեմ տալիս: Իմացեք՝ մեր խմբակցությունում, առավել ևս ինձ մոտ, մեկ կանոն է գործում՝ ընկերներին բարձրացնել, այլ ոչ թե իջեցնել: Բարձրացնելուց հետո մենք նորից մտածում են իրենց բարձրացման մասին, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր տեղում է, աշխատում է ճիշտ, կարողանում է իր հարաբերությունները ճիշտ պահպանել և նա կանոնակարգ օրենքից շեղում չի կատարել»: