Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը բանտից նոր կոչ է հղել և ասել՝ ինչպես կարելի է երկիրը «ճիշտ ուղու վրա կանգնեցնել»
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որն այժմ գտնվում է բանտում, հանդես է եկել նոր հայտարարություններով:
Պատասխանելով թուրքական ընդդիմադիր «Բիրգյուն» պարբերականի հարցերին՝ Դեմիրթաշն ասել է, որ Թուրքիան կարելի է ճիշտ ճանապարհի վրա կանգնեցնել միայն հալածվող ու ճնշումների ենթարկվող լայն զանգվածներին միավորելու և նրանց մի նպատակի ծառայեցնելու շնորհիվ:
«Մենք պետք է հավատանք սրան ու պարտիզանական պայքար տանելու փոխարեն լինենք առավել ժողովրդական»,- ասել է քուրդ քաղաքական գործիչը:
Նա նաև շեշտել է, որ Թուրքիայում քաղաքական մրցակցությունը հնարավոր ու իմաստալից կդառնա միմիայն այդ երկրում ժողովրդավարական արժեքների ամբողջական յուրացումից հետո:
«Սակայն մինչ այդ ես կարծում եմ, որ մեր պարտքն է կազմել ֆաշիզմի դեմ ամենալայն ընդդիմադիր հասարակական զանգվածը», - նշել է Դեմիրթաշը:
Նա նաև չի բացառել, որ Թուրքիայի իշխանությունները մյուս տարի կգնան վաղաժամ ընտրությունների։
«Սակայն այժմ, այս պայմաններում ինչ ընտրություն էլ արվի՝ ոչ այլ ինչ է լինելու, քան իշխանությունների ֆաշիզմն օրինականացնող մեխանիզմ: Ներկայում երկրում չկան ազատ ընտրական պայմաններ, ամենից առաջ պետք է պայքարել սահմանված արտակարգ դրության, անարդարության ու ճնշումների դեմ», - ասել է քրդամետների առաջնորդը:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում`կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար։