Թուրքիայի արտգործնախարարը ստում է. ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է Չավուշօղլուի հայտարարությանը
Հայ-թուրքական արձանագրությունները որոշակի նախապայմաններով ստորագրված լինելու մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը բացարձակ սուտ է: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է։ Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը:
Կրկին հիշեցնենք, որ բանակցությունները 2008թ. մեկնարկեցին թուրքական կողմի հետ հենց այն փոխադարձ համաձայնությամբ, որ այդ գործընթացը չի կարող ունենալ որևիցե նախապայման։ Այս համաձայնության հիման վրա ընթացան բանակցությունները և ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները։ Նախապայմանների բացակայության մասին բազմիցս են հայտարարել գործընթացին լավատեղյակ տարբեր մայրաքաղաքներից»,–ասել է Տ. Բալայանը։