«Հայաստանն էկոզբոսաշրջիկի երազանքն է». աշխարհի ամենահին զբոսաշրջային հանդեսը ՀՀ-ն ներառել է 2018թ. ամենահետաքրքիր ուղղությունների ցանկում
Աշխարհի ամենահին զբոսաշրջային հանդեսը՝ ամերիկյան Fodor's-ը, հրապարակել է 2018թ. ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղությունների ցանկը, որում ներառել է նաև Հայաստանը: Ընդհանուր առմամբ, ցանկը բաղկացած է 52 երկրից, որոնց շարքում Հայաստանը 7-րդն է:
Ահա թե ինչ է գրում խմբագրությունը մեր երկրի վերաբերյալ նկարագրում. «Այս փոքրիկ կովկասյան երկիրն ունի շատ հարուստ պատմություն, մշակույթ ու ջերմ հյուրընկալություն: Հայաստանի ամուր լեռներն ու բերրի հովիտները, բազմաթիվ հնամենի վանքերն ու ավանդապաշտ գյուղերն էկոզբոսաշրջիկի երազանքն են»:
Հեղինակները հիշեցնում են, որ տարիներ առաջ հենց Հայաստանում է հայտնաբերվել 6.000 տարվա պատմություն ունեցող գինու պատրաստման ամենահին արտադրամասերից մեկը:
Հայկական խոհանոցին անդրադարձի ժամանակ նշվում է «բերանում հալվող» խորովածի ու խաղողի թփով տոլմայի մասին:
«Չնայած, որ մայրաքաղաք Երևանը 3.000 տարվա պատմություն ունի, սակայն այն լի է երիտասարդական էներգիայով, ամեն օր բացվող նոր սրճարաններով, խանութներով ու ռեստորաններով»,-նշում են հեղինակները:
Բացի այդ, նրանք խորհուրդ են տալիս Հայաստան ուղևորվելու դեպքում ներբեռնել համապատասխան հավելվածներ ու առցանց քարտեզներ, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս բացահայտել երկիրը:
«Գարունն ու աշունը Հայաստանը բացահայտելու համար տարվա լավագույն ժամանակներն են՝ առատ մարզային փառատոներով, ինչպես, օրինակ, Վայոց ձորում անցկացվող գինու փառատոնը։ Իսկ Երևանի 2.800-ամյակին նվիրված տոնակատարությունները վստահաբար շատ դիտարժան կլինեն»,-եզրափակում են անդրադարձի հեղինակները:
Հավելենք, որ աղբյուրի կազմած ցանկում ներառվել են նաև ԱՄՆ-ն, Մարրոկոն, Իռլանդիան, Արգենտինան, Թասմանիան, Սինգապուրն ու այլ պետություններ: