Հայկական երեք ակումբներ հետաքրքրվում են իտալացի ֆուտբոլիստով (տեսանյութ)
«Armsport.am»-ին հայտնի է դարձել, որ Մալթայի առաջնությունում հանդես եկող «Ֆլորիանայի» հարձակվող Մարիո Ֆոնտանելայի ծառայություններով հետաքրքրված են հայկական երեք ակումբներ:
Ֆոնտանելան «Ֆլորիանայի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից, որտեղ տեղափոխվել է իտալական «Բուդոնի» ակումբից:
28-ամյա հարձակվողը ծնվել է Իտալիայում՝ Նեապոլում և պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Բարլետա» ակումբում: Նախկինում հանդես է եկել նաև իտալական ցածր դիվիզիոնի մի քանի թիմերում, ինչպես նաև ֆրանսիական «Բաստիայում»:
«Ֆլորիանան» այժմ Մալթայի առաջնության 4-րդ հորիզոնականում է: Այս թիմը 25 անգամ դարձել է Մալթայի չեմպիոն, 18 անգամ էլ տիրացել է երկրի Գավաթին:
Իտալացի հարձակվողն այս մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 10 գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ: Գոլերից 8-ը նա խփել է երկրի ներքին առաջնությունում, մեկը՝ Գավաթի խաղարկությունում, մեկն էլ Մալթայի Սուպերգավաթի ժամանակ: