Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրով իրականացվել է 735 բնակարանների ծրագիր, կառավարությունն ավելացրեց ևս 265-ը
Այսօր կառավարության նիստին Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը առաջարկեց փոփոխություններ կատարել Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգում։
«Փոփոխությունները չորրորդ փուլին են վերաբերվում, առ այսօր իրականացվել է 735 բնակարանների ծրագիր, հիմա մենք ավելացնում ենք ևս 265-ը, լրացնում ենք նախնական նիշը, որի համար ծրագիրը սկսվել է, մնացած բոլոր դրույթները հայտնի են»,-ասաց Սարգսյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը նախագծի վերաբերյալ հարցրեց, թե ինչո՞ւ է ամեն տարի երկարացնում որոշման նախագծերի գործունեությունը։ «Ինչո՞ւ մի անգամ որոշում չենք կայացնում ու հետո մոնիթորինգ կատարում տարեկան, հարցեր կան, որոնք նույն բնույթն են կրում, և ամեն տարի մենք բերում ենք, թե եկեք մի տարի էլ երկարացնենք, եկեք ամբողջ ծրագրի համար փաստաթուղթը սարքենք, հետո տարվա մեջ դիտարկումներ անենք»,-ասաց Կարեն Կարապետյանը։
Նարեկ Սարգսյանը ընդգծեց, որ երկրորդից երրորդ փուլի ժամանակ պայմաններ փոխվել են, իսկ վարչապետը շարունակեց, որ բոլոր այն դեպքերում, երբ պայմանները նույնն են, Կառավարությանը ներկայացնել ամբողջական փաթեթ: