Տարին կամփոփենք 7 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվության ցուցանիշով. տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընթացիկ տարվա 11 ամիսներն արդեն ամփոփված են և արձանագրվել է 7,3% աննախադեպ բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ: Նա նշեց, որ առաջատար ուղղություններն են արդյունաբերությունը, ծառայությունը և առևտուրը։ Արդյունաբերությունն աճել է 12 տոկոսով, ծառայությունների և առևտրի դեպքում աճը կազմել է ավելի քան 14 տոկոս:
«Ուրախացնող է, որ դա տեղի է ունենում արտահանման բարձր ցուցանիշների ազդեցությամբ»,-ասաց նա և հայտնեց նաև շինարարության ոլորտում 10 ամիսներին արձանագրված բացասական թվերից հետո արձանագրվել է թեկուզ փոքր, բայց աճ։
«Գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա ընթացքում չունեցավ բարձր ցուցանիշներ։ Դրանք ունեն իրենց պատճառները, այդ թվում՝ եղանակային», -ասաց փոխնախարարը և չնայած դրան հույս հայտնեց, որ տարեվերջին տնտեսական ակտիվության ցուցանիշը կմնա մոտավորապես այն մակարդակին, ինչ այժմ է։
Ըստ նրա՝ տարին կամփոփենք 7 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվության ցուցանիշով: