Պապուա Նոր Գվինեայի կղզիների մոտ հայտնաբերվել է Առաջին համաշխարհայինի ժամանակ կորած ավստրալական սուզանավը (լուսանկարներ)
Պապուա Նոր Գվինեայի կղզիների մոտակայքում որոնողական առաքելությունը ստորջրյա դրոնի միջոցով պարզել է 1914 թվականին անհետացած ավստրալական ռազմածովային ուժերի HMAS AE1 սուզանավի գտնվելու վայրը: Այս մասին հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով Ավստրալիայի պաշտպանության նախարարությանը:
«Սուզանավի որոնման աշխատանքներին ուղղված նոր արշավը մեկնարկել է անցած շաբաթ: Furgro Equator որոնողական նավը պարզել է սուզանավի գտնվելու վայրը՝ ավելի քան 300 մետր խորության վրա», - ասվում է Ավստրալիայի պաշտպանության նախարարության հայտարարությունում:
Հայտնի է, որ HMAS AE1 սուզանավն անհետացել է 1914 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Պապուա Նոր Գվինեայի կազմում գտնվող Նոր Բրիտանիա կղզու Ռաբաուլ նավահանգստի մոտակայքում: Անհետացած սուզանավը հայտնաբերելու համար մինչ օրս իրականացվել է 13 առաքելություն:
«Սա Ավստրալիայի թագավորական ռազմածովային ուժերի առաջին կորուստն էր և դաշնակիցների առաջին կորած սուզանավն Առաջին համաշխարհային պատերազմում: Սուզանավի անձնակազմի 35 անդամների ճակատագիրն Ավստրալիայի ռազմական պատմության ամենախոշոր գաղտնիքներից էր», - հայտնել են Պաշտպանության նախարարությունից: