«Ելք»–ի պահանջով պատգամավորներն արդեն 8–րդ անգամ ընդմիջման գնացին
«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ քվեարկությամբ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Վարման կարգով ձայն խնդրեց ոչ միայն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, այլ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Արա Բաբլոյանը տեղեկացավ, որ Սարոյանին ձայն տալու իրավունք չկա, նա ոչ խմբակցության ղեկավար է, ոչ էլ քարտուղար: Բայց մինչ կհայտարարեր, Սարոյանը տեղից բարձրաձայնեց. «Հմի էլ ես ասեմ, 20 րոպե ընդմիջում»:
Սարոյանի հայտարարությունից հետո պատգամավորները բարձր ծիծաղեցին:
Այնուհետև ձայնը տրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով հղում կատարեց ԱԺ կանոնակարգ օրենքին հայտարարեց՝ «Ելք»–ը վերցնում է 20 րոպե ընդմիջում: