Կհստակեցվեն գյուղատնտեսությունում իրականացվող սուբսիդավորման միջոցառումները
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց 2016 թվականի դեկտեմբերի 1-ին հաստատված ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը։
Նախարարն ասաց, որ սահմանվել են ոլորտում սուբսիդավորման ընդհանուր մոտեցումները, սկզբունքներն ու ուղղությունները , որոնք կապահովեն պետական քաղաքականության ներկայիս նոր մոտեցումների կիրառումը և գործունեությունների թափանցիկությունը:
«Ծրագրի ընդունումը կնպաստի առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում իրականացվող սուբսիդավորման միջոցառումների հստակեցմանը, որոնց իրականացումն էլ կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»,-ասաց նա:
Իգնատի Առաքելյանը դիմելով վարչապետին՝ ասաց, որ այս տարի պիլոտային ծրագիրն իրականացրել են և 2 միլիարդից 1 միլիարդ 140 միլիոնը հավանության է արժանացել 16 ընկերության կողմից:
«Բայց մեծ պահանջարկ կար, որ գումարները բարձրացնեն ու արդեն ներկայացվել է հաջորդ տարվա համար 18 միլիարդ դրամի ծրագիր՝ 3 տոկոսանոց մթերման վարկեր, որպեսզի թեթևացնենք գյուղացիներին վաճառած հումքի դիմաց ապրանք ստանալու բեռը»,-ասաց գյուղնախարարը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը նախագծի վերաբերյալ ասաց, որ շատ համալիր ծրագիր է, որը որակապես փոխելու է գյուղատնտեսությունը։ «Մենք միանշանակ համոզված ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, պարո՛ն Առաքելյան, ձեզանից նման համալիր ծրագիր սպասում ենք անասնապահության ոլորտում»,-ասաց նա: