Արթուր Մանուկյանը և Սերգեյ Բագրատյանը հերքում են իրենց միջև ծեծկռտուքի լուրը
«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը հերքում է մամուլով շրջանառվող տեղեկությունը, թե ինքն և խմբակցության մյուս պատգամավոր Սերգեյ Բագրատյանը երեկ ծեծել են միմյանց: Նա Աժ-ում լրագրողների հետ զրույցում, արձագանքելով դիտարկմանը, թե Նաիրա Զոհրաբյանի ներկայացմամբ երկու պատգամավորների միջև բարձր տոնով խոսակցություն է եղել, ասաց. «Չեմ կարծում, որ Նաիրա Զոհրաբյանը նման բան է ասել: Ընդամենը քննարկում է եղել, առօրյա, գործնական քննարկում»:
Նա պնդեց՝ ծեծկռտուք չի եղել և չի էլ կարող լինել: Հարցին՝ հարի՞ր են արդյոք հայհոյախառն վիճաբանությունները խորհրդարանականներին, Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Եթե նման բան լիներ, հարիր չէր: Բայց նման բան չի եղել»:
Tert.am-ը խնդրի հետ կապված զրուցեց նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ, ով ասաց.« Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ ծեծկռտուք չի եղել, իսկ ձայնի բարձրացումը զուտ սովորական քննարկման արդյունքում է եղել»:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում քվեարկության դրված Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Ծառուկյան» խմբակցությանը միասին չմասնակցել քվեարկությանը, մինչդեռ քվեարկության ժամանակ Նապոլեոն Ազիզյանի կոճակը ցույց էր տվել կողմ քվեարկություն, ինչը, պատգամավորի խոսքով, տեխնիկական վրիպում է եղել։ Քվեարկության ժամանակ պատգամավորի ձայնը հաշվի էր առնվել։
Նշենք, որ տեղի ունեցած իրարանցումից հետո, ըստ մամուլի հրապարակումների, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում միմյանց են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը և Սերգեյ Բագրատյան: