«Ելք» խմբակցությունը երրորդ անգամ 20 րոպեանոց ընդմիջումը վերցրեց՝ մինչ այդ ԱԺ նախագահի կողմից «նոր խտրականություն» նկատելով
«Ելք» խմբակցությունը երրորդ անգամ 20 րոպեանոց ընդմիջումը վերցրեց: Նիկոլ Փաշինյանը հղում կատարելով ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասին, հայտարարեց, որ խմբակցությունն ընդմիջում է վերցնում:
Ընդմիջումից առաջ վարման կարգով խոսեց Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մինչ այդ քվեարկված նախագծի հարցով խնդրեց վերաքվեարկություն, քանի որ ՀՀԿ-ական երեք պատգամավորների կողմ քվեարկությունը լուսատախտակին չէր գրանցվել: Իսկ քվեարկության էր դրվել «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մսին» նախագիծն առաջին ընթերցմամբ:
Նախագիծը վերաքվեարկվեց և ընդունվեց 64 ձայն կողմով:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վրդովվեց, թե ինչպես, երբ երեկ աղմկահարույց նախագծի քվեարկության ժամանակ իրենք պահանջում էին, վերաքվեարկություն, ԱԺ նախագահը չընդառաջեց, իսկ ԱԺ փոխխոսնակի վերաքվեարկության պահանջին ընդառաջում են:
«Սա խտրական վերաբերմունք է, երբ փոխխոսնակը նկատեց և հայտարարեց, վերաքվեարկեցիք, բա որ մենք երեկ պահանջեցինք, ինչո՞ւ չարեցիք»,-դիմելով ԱԺ նախագահին ասաց նա:
ԱԺ նախագահն ասաց, որ իր սխալի պատճառով էր, շտապեց քվեարկության դնել, երբ համակարգը դեռ միացված չէր, այդ իսկ պատճառով վերաքվեարկեցին:
Երբ հայտարարվեց, որ քվեարկության է դրվում Կառավարության կողմի ներկայացված Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի նախագիծը և կից օրինագծերի փաթեթը, վարման կարգով ձայն խնդրեց Փաշինյանը և հայտարարեց 20 րոպե ընդմիջում վերցնելու մասին: