Ստամբուլում հակաահաբեկչական գործողության ընթացքում ԻՊ-ի 45 անդամ է ձերբակալվել
Ստամբուլում ոստիկանության հատուկջոկատայինների կողմից իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար կասկածվող 45 մարդ, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Նշվում է, որ ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել են նաև խմբավորմանը պատկանող մի շարք փաստաթղթեր և թվային նյութեր: Հատուկջոկատայիններն ընդհանուր առմամբ գրոհել են 12 տարբեր հասցեներով:
Հայտնի է, որ նույն օրը Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ-ի 10 անդամի:
Մինչ օրս ԻՊ-ը 14 հարձակում է իրականացրել Թուրքիայում, բացի այդ՝ միայն 2016 թվականի ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը կարողացել են կանխել ԻՊ-ի 22 ահաբեկչական հարձակում: