Վերջին տարին է, որ տոտալ բոլորին սուբսիդավորում ենք. վարչապետը՝ խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների համար սուբսիդավորման մասին
Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին որոշման նախագիծ:
«Օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուր»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները վերանայելու հայտով, որով առաջարկվել էր 194,3 տասնորդական դրամ՝ ներառյալ ԱԱՀ, որն էլ ՀԾՔԿ-ի կողմից բավարարվել է»,-նա և նշեց, որ սակագնի բարձրացումը բաժանորդների մոտ լրացուցիչ բեռ չառաջացնելու համար առաջարկվում է օպերատորի կողմից վճարվող վարձավճարների հաշվին «Վեոլիա Ջուր»-ին տրամադրել սուբսիդիա՝ 2018-ի ընթացքում նախկին 180 դրամ սակագինը պահպանելու համար:
Նախագծի վերաբերյալ վարչապետը արձագանքեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ մենք սուբսիդավորում ենք բոլոր սպառողներին» և Արսեն Հարությունյանը դրական պատասխան տվեց: «Այս որոշումն ընդունում ենք, բայց հետագա նման գործողությունների ժամանակ մշակել կարգ, որով որ մենք սուբսիդավորենք միայն սոցիալապես խոցելի զանգվածին, ոչ թե տոտալ բոլորին, էս վերջին տարին ա, որ մենք տոտալ բոլորին սուբսիադավորում ենք»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: