Կարո Փայլանը զգուշացրել է, որ թուրք ազգայնականները կարող են հարձակումներ գործել Եվրոպայում հայերի և ալևիների դեմ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Թուրքիայից ուղղորդված ազգայնական խմբավորումները կարող են հարձակումներ իրականացնել Թուրքիայում ծնված, բայց Եվրոպայում գտնվող հայերի և ալևիների դեմ, հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Փայլանը զգուշացրել է, որ հայերի, ալևիների, քրդերի, ինչպես նաև Թուրքիայում եղած ճնշումների հետևանքով երկիրը լքած ընդդիմադիր գործիչների, մտավորականների ու լրագրողների դեմ մահափորձերի մի ամբողջ շարք է պատրաստվել, և ենթադրվում է, որ Թուրքիայից ուղղորդված հանցախումբն արդեն ցուցակ ունի կազմած:
Հայազգի պատգամավորը շեշտել է, որ տեղեկությունն իրենց հաջողվել է ճշտել մի քանի աղբյուրների միջոցով:
«Նման մահափորձերի դեպքում տվյալ թիմի հիմնական նպատակը սենսացիա առաջացնելն է, դուք էլ կարող եք ենթադրել դա: Ցուցակն այդ տրամաբանությամբ է կազմված, թե որ մարդկանց անունների միջոցով կարող են առավել մեծ սենսացիա առաջացնել», - հայտարարել է Փայլանը:
Նա հստակեցրել է, որ իրենց ստացած տեղեկությունների համաձայն՝ հարձակումների մեծ մասը ծրագրված է Գերմանիայում ապրող Թուրքիայի քաղաքացի ընդդիմադիրների դեմ: