Չիլիում անցորդը բռնել է 9–րդ հարկից ընկնող կնոջը (տեսանյութ)
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում Հաիթիից ներգաղթյալը փրկել է մի կնոջ, որն ընկել է բազմահարկ շենքից: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կինը կախված է եղել տան պատից՝ կառչելով 9–րդ հարկի պատշգամբից: Անհայտ է՝ ինչպես է կինը հայտնվել այս իրավիճակում: Ներքևում ամբոխ է հավաքվել, և մարդիկ հեռախոսներով նկարահանել են տեղի ունեցածը:
Հաիթիից երեք տարի առաջ ժամանած Ռիչարդ Ջոզեֆի խոսքով՝ ինքը տեսել է կնոջը, երբ դուրս է եկել ավտոբուսից:
«Սկզբում հանեցի հեռախոսը և սկսեցի մյուսների պես նկարել, սակայն այնուհետև հասկացա, որ սա անհարմար պահ է: Սկսեցի մտածել՝ ինչպես օգնել նրան: Որոշեցի փափկեցնել նրա անկումը: Չէի կարծում, որ իսկապես կփրկեմ նրան, սակայն ուզում էի, որ նա գլխով չբախվի գետնին», - պատմել է նա:
Մոտավոր հաշվարկներ անելով Ջոզեֆը ենթադրել է՝ որտեղ է կարող ընկնել կինը, և մեկնել է ձեռքերը: Կինն ընկել է ուղիղ տղամարդու վրա. երկուսն էլ վնասվածքներ են ստացել, սակայն ողջ են մնացել: Կինը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, իսկ տղամարդը վնասել է ծունկը, ոտնաթաթը և ձեռքը:
Նշվում է, որ չիլիացի բարերար Լեոնարդո Ֆարկասը խոստացել է երկու միլիոն չիլիական պեսո (մոտ 3 հազար ԱՄՆ դոլար) տրամադրել Ջոզեֆի բուժման համար: