Մեզ համար միայն դրական է, որ հայ ժողովուրդը լինի հարուստ, Հայաստանի տնտեսությունը զարգանա. ռուս քաղաքագետ
Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը համագործակցի Եվրամիության հետ, եթե այդ համագործակցությունը չի հակասում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական կոնյունկտուրա» կենտրոնի անդամ, «Սահմանային համագործակցության ասոցիացիայի» ռազմավարական ծրագրման ծառայության տնօրեն Ալեքսանդր Սոբյանինը:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ Հայաստանն ու Եվրամիությունը պատրաստվում են համագործակցության համաձայնագիր ստորագրել:
Սոբյանինն ասաց, որ Եվրամիության հետ համագործակցելու պարագայում խոսքը տնտեսական զարգացման մասին է, ոչ թե ռազմական կամ անվտանգային, և եթե տնտեսական համագործակցությունը չի վնասում հայ-ռուսական համագործակցությանն ու հայ-եվրասիական համագործակցությանը, ՀԱԿՊ-ին, ռազմական փոխգործակցությանը, ապա սա խնդրահարույց չէ, որովհետև ԵԱՏՄ-ում էլ, Ռուսաստանում էլ, ցանկանում են, որ Հայաստանը լինի հարուստ, զարգացած երկիր:
«Մեզ համար միայն դրական է, որ հայ ժողովուրդը լինի հարուստ, Հայաստանի տնտեսությունը զարգանա: Բայց կրկնում եմ, Հայաստանը պետք է հաշվի առնի՝ արդյոք վնասո՞ւմ է ԵԱՏՄ-ին Եվրամիության հետ համագործակցելով, թե ոչ»,- հավելեց նա: