Թուրքիայի ընդդիմությունը մեղադրել է Էրդողանին ու նրա ընտանիքին երկրից մեծ քանակությամբ գումարներ դուրս բերելու համար
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքին երկրից մեծ քանակությամբ գումարներ դուրս բերելու ու օֆշորային ընկերություններում ներդնելու համար:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Քըլըչդարօղլուն ակնարկել է, որ դրանք կարող են լինել սիրիացի փախտականների համար տրամադրված գումարները:
«Ասում ես՝ 30 մլն դոլար է ծախսվել, ո՞ւր է գնացել այս փողը: Ես չգիտեմ, ֆինանսների նախարարը չգիտի, Կենտրոնական բանկը չգիտի, տնտեսական հարցերով փոխվարչապետը չգիտի: Ոչ մի պատգամավոր չգիտի», - ասել է ընդդիմության առաջնորդը՝ կոչ անելով Էրդողանին այդ գումարների հետ կապված հաշիվ ներկայացնել ժողովրդին:
Հիշեցնենք, որ լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած Paradise Papers զեկույցի համաձայն՝ Մալթայում գտնվող օֆշորային ընկերությունների հետ կապ ունի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Բերաաթ Ալբայրաքի ավագ եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը: