Գիտության մեջ գտնվողի բացառիկ տաղանդը ցույց տվող հայտանիշներն ավելի դժվար է մշակել, քան սպորտի մեջ. «Հանուն գիտության զարգացման» անդամ
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված «Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին, որը պայմանավորված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում այս անձանց մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Յուրի Ավագյանն ասաց, որ թեև նախաձեռնության անունից չի կարող խոսել, քանի որ քննարկում չեն ունեցել, սակայն իր անձնական կարծիքով, եթե մարդը կարող է պետությանը օգուտ տալ, միջազգային հարթակներում ինչ-որ արդյունք ցույց տալ, ապա կապ չունի, թե ինչ ոլորտ է` գիտություն, թե սպորտ, պետք է բացառիկ դեպքերում ուշադրության արժանանա:
«Հիմա հնարավոր է իրենք գտնում են, որ այդ ֆուտբոլիստները ապագա Հենրիխ Մխիթարյան են, և ազատում են բանակից, այստեղ պրետենզիա չունեմ»,-ասաց նա:
Նախաձեռնության անդամն ասաց, որ իշխանությունը խոստացել է, որ իրենց առաջ քաշած հայտանիշների շուրջ միահամուռ համագործակցության շնորհիվ կոնսենսուս կլինի, և նաև գիտությամբ զբաղվող բացառիկ տաղանդ ունեցողները բանակ չեն գնա:
«Մենք երկար պատրաստվել ենք կլոր սեղանին, հասարակության բոլոր շերտերի կարծիքը հաշվի ենք առել, մշակել ենք հայտանիշները: Իրենք ասում են՝ ստեղծեք այնպիսի հատկանիշներ, որոնք ցույց կտան գիտության մեջ գտնվող մարդու բացառիկ տաղանդը, ինչը սպորտի դեպքում կազմակերպելը հեշտ է, իսկ կրթության դեպքում ավելի դժվար է: Մենք ասել ենք, որ երբ հիմնախնդիրը լուծելու փոխարեն փորձում ես հետևանքները վերացնել, միևնույն է՝ դա այլ հետևանքներ է առաջացնելու և փակուղի է տանելու, պետք է շեշտը դնել հենց կոռուպցիոն խնդիրների վրա»,-ասաց նա: