Իմ տեղակալներից մեկը մարդկային վերաբերմունք է ցուցաբերել և իր տեղը զիջել է Արկադի Փելեշյանին. Վանաձորի քաղաքապետ
Վանաձոր քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ավագանին հաստատեց «Հայկական վերածնունդ» կուսակցություն խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը որոշումից հետո հայտարարեց, որ քաղաքապետի տեղակալներից Արտյոմ Գրիգորյանը մարդկային վերաբերմունք է ցուցաբերել՝ իր տեղը զիջելով Փելեշյանին:
Անդրադառնալով ՀՎԿ-ի և ՀՀԿ-ի միջև նոյեմբերի 18-ին ստորագրված հուշագրի վերաբերյալ քննադատություններին՝ Մամիկոն Ասլանյանը նշեց. «Չեմ ցանկանում փողոցային որակումներ տալ լրատվամիջոցների տարաբնույթ հոդվածներին»:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին կայացրած որոշմամբ Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական էր ճանաչել. 1 տարի առաջ Վանաձորի՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ավագանիները հուշագիր էին կնքել Քրիստ Մարուքյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանելու մասին, սակայն փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ էր ընտրվել Ասլանյանը։ Ավագանու հետագա նիստերը վերոնշյալ 3 ուժերի ներկայացուցիչները ողջ տարվա ընթացքում բոյկոտում էին, նրանց թվում՝ այն անձինք, որոնք գաղտնի քվեարկությամբ ընտրել էին Ասլանյանին։
Վանաձորի ՀՀԿ-ՀՅԴ ավագանին այլևս չէր կարող առանց քվորում, 15 հոգով նիստեր գումարել, բայց նոյեմբերի 18 Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ իր հերթին երեկ՝ նոյեմբերի 20-ին, կառավարությանը դիմում էր ուղարկել, որպեսզի վերջինս ի կատար ածի Սահմանադրական դատարանի որոշումը, այսինքն՝ դադարեցնի Վանաձորի ավագանու լիազորությունները և նշանակի ՏԻՄ արտահերթ ընտրություններ:
Նշենք նաև, որ Վանաձորի ավագանու արտահերթ նիստին չէին մասնակցում «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: