Ջիգարխանյանի ընկերները կարծում են, որ երիտասարդ կինը դերասանին միտումնավոր վնասակար դեղամիջոցներ է տվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերիմները կարծում են, որ նրանից 44 տարով երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, դերասանի հետ ապրելու ժամանակ նրան առողջությունը վատթարացնող դեղամիջոցներ էր տալիս: Նրանց պնդմամբ՝ այդ դեղերը շատ վատ էին անդրադառնում Ջիգարխանյանի առողջական վիճակի վրա:
Ինչպես նշում է mk.ru-ն, այս պնդումները հարազատները հիմնավորում են այն փաստով, որ 38-ամյա Վիտալինայից բաժանվելուց հետո 82-ամյա դերասանն ակնհայտորեն ավելի լավ է սկսել իրեն զգալ: Դերասանը, որը վերջին շրջանում չէր կարողանում հստակ շարադրել իր մտեքերն ու ճանաչել հին ծանոթներին, կտրուկ փոխվել է ու ապշեցնում է մտքի պայծառությամբ:
Այժմ Ջիգարխանյանի ընկերները պատրաստվում են ստուգել՝ ինչ դեղամիջոցներ է Վիտալինան տվել տարեց ամուսնուն:
Հետաքրքրական է, որ Ջիգարխանյանի առողջական վիճակի հետ կապված կասկածելի փոփոխություններն առաջիններից մեկը նկատել է նրա նախկին կինը՝ դերասանուհի Տատյանա Վլասովան: Կնոջ խոսքով՝ մեկ տարի առաջ, երբ ինքը փորձել է զրուցել նախկին ամուսնու հետ, Ջիգարխանյանն իրեն ուղղակի ճանաչել. դա ցնցել է Վլասովային
«Մենք Արմենի հետ ավելի քան 40 տարի ենք ապրել: Ես մոտեցա նրան, բարևեցի, նա պատասխանեց ինձ ու ես անմիջապես հասկացա, որ նա ինձ չի ճանաչել»,-պատմել է Վլասովան:
«Եթե Ջիգարխանյանին հիվանդանոց չտեղափոխեին, պարզ չէ, թե նրա հետ ինչ կպատահեր: Ոչ ոք չգիտի, թե Վիտալինան ինչ դեղահաբեր ու թեյեր էր տալիս Արմեն Բորիսովիչին: Այդ դեղերը միշտ անձեռոցիկի մեջ էին փաթաթված: Այժմ ժամանակն է, որպեսզի պարզենք՝ ինչ դեղահաբեր է ընդունել դերասանը»,- աղբյուրի հետ զրույցում ասել է Ջիգարխանյանի մտերիմներից մեկը:
Մինչդեռ ինքը Վիտալինան գտնում է, որ փրկել է Ջիգարխանյանին ավելի քան 2 տարի առաջ տարած կաթվածից հետո:
«Հիմա առանց ինձ նա ծերացել է ու շատ վատ տեսք ունի: Միայն ես գիտեմ՝ նա ինչ պետք է ուտի և ինչը՝ ոչ: Ես պատրաստ եմ նրան հետ ընդունել, քանի որ անկեղծ սիրում եմ նրան»,-ասել է կինը:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ու նրա կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ խոշոր վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող», «սրիկա» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը՝ այդ թվում նաև 3 բնակարանը յուրացնելու համար:
Բացի այդ, Ջիգարխանյանը կնոջը հեռացրել է իր իսկ հիմնած դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է Ռուսաստանից՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ:
Այնուհետև Ջիգարխանյանը կնոջից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել: Հայտնի է, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան տվել է իր համաձայնությունն ամուսնալուծության համար և ամուսնալուծության գործընթացը մեկնարկելու է նոյեմբերի 27-ին:
Ավելի վաղ իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը պատմել է, որ Ջիգարխանյանի հիմնած ու նրա անունը կրող դրամատիկական թատրոնը 2 տարի ղեկավարելու ընթացքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թատրոնից օֆշորներ է տեղափոխել մոտ 80 մլն ռուբլի: