Փայլանը Վանում հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանը քանդել հրաժարվող պաշտոնյային մեղադրել է ազգային հողի վրա ատելության դրսևորման համար
Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Վանում հայկական գերեզմանատան տարածքում հասարակական զուգարանը քանդել հրաժարված պաշտոնյային մեղադրել է ազգային հողի վրա ատելության դրսևորման համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը, պատասխանելով Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հարցմանն առ այն, թե իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկել տվյալ հարցի առնչությամբ, հայտնել էր, որ հասարակական զուգարանը կապամոնտաժվի 60 օրվա ընթացքում:
Փայլանն իր Twitter-ի պաշտոնական էջում հրապարակել է թուրք նախարարի խոստումը, ինչպես նաև Վանի Էդրեմիթ շրջանի ղեկավար Աթիվ Չիչեքլիի հայտարարությունն այն մասին, որ զուգարանը չի քանդվի:
«Այստեղ ոչ մի հայկական գերեզման էլ չկա: Այդ հայ պատգամավոր Կարո Փայլանին ու բոլոր հայասերներին բացահայտ ասում եմ՝ ես այս տարածքն ավելի եմ գեղեցկացնելու և անելու եմ այնպես, որ բոլորը գան այստեղ և այս ամենը ծառայի մեր մարդկանց», - ասել էր Չիչեքլին:
«Ատելության դրսևորման նախադեպն էլ մի կողմ դնենք, հուսանք, որ Չիչեքլին զուգարանի քանդման հետ կապված անհրաժեշտ կարգադրությունը կստանա», - գրել է Փայլանը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի մոտ տեղական իշխանությունները լողափի այցելուների համար նախատեսված հանդերձարանն ու հանրային զուգարանը կառուցել են հենց հայկական գերեզմանատան տարածքում:
Նշվում է, որ շինարարական աշխատանքների հետևանքով քանդված հայկական գերեզմաններում եղած ոսկորները տարածվել են լճափին:
Հայտնի է նաև, որ բուլդոզերներն այդտեղից դուրս են բերել ուրարտական շրջանի գերեզմանաքար: