Իրաքյան Քրդստանը Գերագույն դաշնային դատարանի որոշումը անվանել է միակողմանի ու անարդար
Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին մեկնաբանել է Իրաքի Գերագույն դաշնային դատարանի որոշումը, որով Իրաքյան Քրդստանի՝ սեպտեմբերի 25-ին անցկացրած անկախության հանրաքվեն համարվել է անսահմանադրական, իսկ դրանից բխող բոլոր որոշումները կասեցվել են: Ըստ Բարզանիի՝ որոշումը միակողմանի է ու անարդար, գրում է քրդական nerinaazad.info կայքը:
«Սահմանադրությունը մեզ համար միասնական փաթեթ է և պետք է կիրառվի բոլորի կողմից առաջին կետից մինչև վերջինը, այլ ոչ թե միայն այն կետերը, որոնք ձեզ ձեռնտու են: Եթե սահմանադրությունը գործեր բոլորի համար՝ հանրաքվեի կարիք չէր լինի»,-հայտարարել է Քրդստանի վարչապետը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն ու չեղարկել այն:
Ավելի վաղ Դաշնային դատարանը որոշում էր ընդունել, որով հայտարարվել էր, որ իրաքյան ոչ մի շրջան չի կարող անջատվել երկրից:
Իրաքյան Քրդստանի շրջանային կառավարությունը հայտարարել էր, որ կհարգի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե էր անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):