Հայտնի հաղորդավար Չարլի Ռոուզին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար
Մի քանի ամերիկյան հեռուստաալիք դադարեցրել է հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավար Չարլի Ռոուզի հետ համագործակցությունը նրա դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքներից հետո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռոուզի հետ իրենց համագործակցությունը դադարեցրել են CBS-ը, PBS-ը և Bloomberg-ը:
Ավելի վաղ ութ կին մեղադրել է 75-ամյա լրագրողին սեռական ոտնձգությունների և ոչ պատշաճ պահվածքի համար: Washington Post-ի տեղեկություններով՝ Ռոուզի գործողություններից տուժած կանայք աշխատել են նրա շոուներում կամ ցանկանում էին այնտեղ պաշտոն ստանալ:
Միջադեպերը տեղի են ունեցել 1990-ականների վերջից մինչև 2011 թվականը, ենթադրվող զոհերի տարիքը եղել է 21-ից 37 տարեկան: Կանայք պատմել են, որ Ռոուզը դիպչել է նրանց, մերկ քայլել է նրանց ներկայությամբ կամ գիշերները զանգել է ոչ պատշաճ առաջարկներով:
Հաղորդավարը հայտարարություն է հրապարակել, որտեղ ներողություն է խնդրել կանանցից՝ նշելով, որ Washington Post-ում հրապարակված ոչ ամբողջ տեղեկությունն է ճշգրիտ: