Ռոնալդինյո. Գվարդիոլան կարող է Բարսելոնայի հաջողությունը կրկնել Մանչեսթեր Սիթիում
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն աջակցում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և կարծում է, որ իսպանացին կարող է հասնել այն նույն հաջողությանը, որին հասել է` աշխատելով կատալոնացիների հետ.
«Ես այդպես եմ կարծում: Գվարդիոլան կարող է կրկնել «Բարսելոնայի» հաջողությունը «Մանչեսթեր Սիթիում»:
Որպես ֆուտբոլիստ` նա շատ խելացի էր, այդ իսկ պատճառով դարձավ խելացի մարզիչ: Գվարդիոլան հիանալի է հասկանում ֆուտբոլից: Ուր էլ որ նա տեղափոխվում է, հասկանում է շատ ավելին, քան ցանկացած այլ մարզիչ: Նա հասկանում է այն ամենն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում:
Ես վստահ եմ, որ նա մեծ դեր է կխաղա «Մանչեսթեր Սիթիի» ապագա հաջողություններում: Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը: Նա կփոխի այս թիմի իրավիճակը»,- Ռոնալդինյոյի խոսքերն է փոխանցում «Mirror»-ը:
Հիշեցնենք` որպես «Բարսելոնայի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկուական անգամ էլ նվաճել է Իսպանիայի Գավաթը, Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի Գավաթը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող: