ՌԴ Արմավիր քաղաքի ռեստորանում ծագած կոնֆլիկտի պատճառով 3 մարդ է սպանվել, նրանցից մեկը հայ քրեական հեղինակություն Սարայանցն է (տեսանյութ)
Լույս կիրակի՝ նոյեմբերի 26-ին, ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի կենտրոնում գտնվող «Աստորիա» ռեստորանում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Մոսկվայի ժամանակով ժամը 03:30-ին վեճ է ծագել հաստատության հյուրերի միջև, որն ավարտվել է կրակոցներով: Փոխհրաձգությանը մասնակցել է չորս մարդ, որոնցից երեքը զոհվել են, իսկ չորրորդ անձը փախուստի է դիմել հանցագործության վայրից, հայտնում է lenta.ru-ն:
Ինչպես գրում է NEWS-R լրատվամիջոցը, կոնֆլիկտը սկսվել է ռեստորան այցելած «Վիտյազ» անվտանգության ծառայության ղեկավար Սերգեյ Բորովոյի և քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանցի միջև, որն այնտեղ է եղել իր ընկերների հետ:
Առաջինը զենքը հանել է Բորովոյը և կրակել Սարայանցի վրա, որը տեղում մահացել է: Դրանից հետո Սարայանցի ընկերը՝ Մուխթար Մալսյուգենովը, պատասխան կրակ է բացել Բորովոյի և նրա կողքին կանգնած ընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության գնդապետի ուղղությամբ: Նրանց մի քանի փամփուշտ է դիպել, և նրանք մահացել են հիվանդանոցում:
«ЧП Армавир» Telegram-ալիքը, վկայակոչելով իր սեփական աղբյուրներին, իրադարձությունների այլ վարկած է առաջադրել՝ առաջինը կրակել է Բորովոյի ընկերը՝ Պյոտր Լոմակինը: Գնդապետը սպանել է Սարայանցին գլխին կրակոցով:
Թե ինչն է դարձել կոնֆլիկտի պատճառ՝ հայտնի չէ: Ինչպես հայտնում է РЕН ТВ-ն, նախնական տվյալներով՝ «Աստորիա» ռեստորանում տղամարդիկ վիճել են կնոջ համար: Ռեստորանի տնօրեն Օլեգ Չեբոտարևը հայտնել է, որ ներկաներն անգամ չեն հասցրել հասկանալ, թե ինչից են սկսվել կրակոցները:
«Երկու հարբած, ոչինչ չգիտակցող մարդիկ սկսեցին կրակել իրար վրա: Մեկը կրակեց մյուսի վրա: Ի պատասխան՝ նրա ընկերը կրակ բացեց և սպանեց հարձակվողին և մյուս մարդուն: Թե ինչի հետ է դա կապված՝ չգիտենք: Նորմալ նստած էինք: Ոչ մի աղմուկ չկար»,- պարզաբանել է Չեբոտարևը:
Ինչպես հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչությունը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «սպանություն» հոդվածով: