Շատ ցավալի է, որ դուք Եվրամիությունը նկարագրում եք որպես «այգի», իսկ մնացած աշխարհը՝ որպես «ջունգլիներ»։ Այս հայտարարությունը հիշեցնում է ոչ այլ ինչ, քան գաղութային դարաշրջանի «Մենք և բարբարոսները» պատմվածքը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ արձագանքելով COP29-ի մասին ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի քննադատություններին։
«Փոքր Կղզային զարգացող պետություններն ավելի շատ են տուժում կլիմայի փոփոխությունից, ինչպես և ԵՄ երկրների անդրօվկիանոսյան տարածաշրջանները, սակայն ինքնակառավարումից զրկված անդրօվկիանոսյան տարածաշրջանները չեն կարող բարձրաձայնել իրենց մտահոգությունները, դրանք անտեսվում են։ Հաշվի առնելով, որ ԵՄ որոշ երկրներ զբաղվել են տխրահռչակ գաղութային կառավարմամբ և խայտառակ ստրկավաճառությամբ, դա նրանց արտոնություն չի տալիս պահպանել նեոգաղութատիրական ռեժիմը և մերժել ապագաղութացման հայեցակարգը»,- ասել է Ալիևի օգնականը։
Նա նշել է, թե ավելի լայն միջազգային հանրությունը գնահատում է Ադրբեջանը որպես COP29 ընդունող երկիր․«Սակայն միանգամայն անընդունելի է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը հրահանգներ ուղարկի Եվրամիության անդամ երկրներին՝ չմասնակցելու COP29-ին։ Բացի այդ, որոշ դեպքերում Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունն օգտագործել է իր դիվանագիտական կապերը՝ կանխելու ԵՄ այլ երկրների մասնակցությունը COP29-ին: Այս բոլոր փորձերն անհաջող էին։ COP29-ին մասնակցել են ավելի քան 80 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, գրանցվել են ավելի քան 70,000 մասնակիցներ: Ես պարզապես կցանկանայի հիշեցնել, որ COP գործընթացը վերաբերում է ՄԱԿ-ին և աշխարհին: Չնայած, այս բոլոր անիմաստ հարձակումներին, Ադրբեջանը, որպես հյուրընկալող կողմ և COP29-ի նախագահ, կշարունակի անել հնարավորը՝ կողմերի հետ կառուցողական աշխատելու, COP-ի ներառականությունն ապահովելու և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների գլոբալ օրակարգում ակնկալվող արդյունքների հասնելու համար»։
Հիշեցնենք, Բորելն ավելի վաղ նշել էր․ «Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել կլիմայի փոփոխության կոնֆերանսի կարևոր նպատակները և Ադրբեջանի COP29-ի նախագահության վստահելիությունը։ Եվրամիությունը և դաշինքի անդամ երկրներն են «կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենախոշոր դոնորները»։