Իշխանությունն իր համար ստեղծում է ևս մեկ լծակ՝ ընտրության արդյունքները չեղարկելու համար, որովհետև հնարավորություն էր տրվում կառավարության կողմից միակողմանի ռազմական կամ արտակարգ դրության հայտարարման միջոցով ընտրության հաջորդ օրը պայմանականորեն չեղարկելու այդ նախնական արդյունքները և նշանակելու վերաքվեարկություն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը կարող է տեսնել, որ չի ձևավորվում մեծամասնություն, դաշնակից չի գտնում անցնող ուժերի շարքում և արհեստական ինչ-որ իրավիճակով արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարի և դրանով զրոյացնի ընտրությունների արդյունքները։
«Սա անընդունելի լուծում էր: Այս դեպքում անգամ չունենք Ազգային ժողովի փոխզսպումը, որովհետև կա տպավորություն մարդկանց մոտ, թե Ազգային ժողովը հաստատում է ռազմական կամ արտակարգ դրությունը, բայց իրականում այն անմիջապես ուժի մեջ է մտնում կառավարության կողմից և Ազգային ժողովը կարող է այն չեղարկել։ Այսինքն, եթե ժամեր անց Ազգային ժողովը նույնիսկ չեղարկի ամբողջությամբ, արդեն կառավարությունը պետք է ասի, որ ընտրությունների արդյունքները զրոյացվում են, միլիոններով մարդիկ գնացել են տեղամաս, իրենց կամարտահայտությունը զրոյացվում է»,- պարզաբանեց նա։
Խաժակյանը նշեց, որ իր համար ապշելուն ոչ միայն այն է, որ հնարել են այս դրույթը և բերել Ազգային ժողով, այլև այն, որ առաջին ընթերցմամբ այս հակաժողովրդավարական կարգավորումն անցկացրել են։
«Կեղծումը ընտրությունների կամ վարչական ռեսուրսի կիրառումը սկսում է ակտուալ դառնալ այն պահից, երբ դու ունես դրա խնդիրը։ Պարզ է, երբ չունես, դու ամենաժողովրդավարն ես, ասում ես՝ ես առանց դրա կարող եմ անել։ Հենց արդեն դրա կարիքը լինում է, փորձը ցույց է տալիս, որ լավ էլ կարողանում են նման քայլերի դիմել:
Սա նման բանի նախապատրաստությունն էր, և եթե չլիներ այն աղմուկը, որը բարձրացվեց հասարակական տիրույթում, թույլ տվեք ասել, ավելի շատ արտախորհրդարանական ուժերի կողմից, ապա հնարավոր է, որ երկրորդ ընթերցմամբ ևս այն ընդունեին»,-շեշտեց նա:
Խաժակյանը նշեց, որ օրինակ, Լոռու և Տավուշի մարզերում ինչպես եղավ ջրհեղեղ, կառավարությունը կարող է նման իրավիճակում արտակարգ դրություն հայտարարել՝ ասելով այլ տարբերակ չունենք, սա բնակիչների անվտանգության համար է:
«Այսօր հնչեցվեց, որ Վենետիկի հանձնաժողովը վերապահում է հայտնել սրա հետ կապված, և եթե իշխանությունը գործընթացը պատշաճ պահպաներ, ապա Վենետիկի հանձնաժողովի կարծիքի համար ավելի վաղ պետք է ուղարկած լիներ, քան Ազգային ժողով բերելը։ Այսինքն, ստացվում է մի իրավիճակ, որ ունեցել են Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիան, սակայն բերել են Ազգային ժողով, առաջին ընթերցմամբ անցկացրել են, հետո նոր պարզվում է, որ նման քննարկումներ կան, ու փորձում են փոփոխություններ իրականացնել, հետնահանջ անել»,- շեշտեց նա։