Հիմա մի միտք կասեմ, տիկին Վարդապետյան, որը նախկինում ես օգտագործել եմ որպես հարցադրում, հիմա որպես հաստատում եմ ասում՝ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց անհրաժեշտ ցուցմունք ստանալու համար:
Այս մասին ԱԺ լսումների ժամանակ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ես տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ եմ, ու ինձ հետաքրքրում է այս շրջանակների վարույթներ, տնտեսական գործերով վարույթները հարցաքննությունից հետո ՔԿ-ում քանի՞տոկոսն է գնացել դատական փուլ և դատական փուլում հայտնված գործերից քանի՞ տոկոսն է ավարտվել մեղադրական եզրակացությամբ»,- հարցրեց Աղազարյանը:
Վարդապետյանն էլ ասաց, որ թվերն անգիր չի հիշում և որ պետք է դիմել գրավոր հարցմամբ, բայց պատգամավորի այն պնդմանը, թե կալանքը օգտագործվում է որպես ճնշման միջոց անհրաժեշտ ցուցմունք ստանալու համար, Վարդապետյանը հակառակը պնդեց՝ ոչ, չկա նման բան:
«Ինչքան էլ նպատակահարմար է այդ պնդումը, խափանման միջոցը կրիրառվում է բացառապես նրա համար, որ ազդեցություն չլինի այլ անձանց վրա: Բազմաթիվ օրինակներ կան, երբ մենք օպերատիվ ուղեկցումով տեսնում ենք, թե ոնց են սովորացրած, նույն տեքստով ուղարկում վկաներին և պայմանավորվում, թե ոնց պետք է նախաքննությունը ուղղորդեն: Նման իրավիճակներում թույլ տանք, որ գան ամբողջ ապացուցողական բազան շարքից հանեն, որ հանկարծ մի օր մեկը մեզ չասի՞, որ դուք ռեպրեսիա եք անում, ոչ: Հիմա շատ բան կարելի է պնդել բայց պնդման տակ պետք է ունենալ փաստ»,- ասաց գլխավոր դատախազը:
Աղազարյանն էլ հակադարձեց, թե ինքը պատգամավոր է ու եթե ինչ-որ բան ասում է, ինչ-որ բան գիտի և կալանքը որպես խափանամն միջոց ընտրելուց էլ դրան ալտերնատիվ կա՝ տնային կալանքը, որ չկարողանան մանիպուլացնեն և որ արդարադատությունն իրականացվի:
Վարդապետյանն էլ հակադարձեց, թե կալանքները միշտ տեղին են ընտրում, և որ դատախազությունը հիմնվում է ապացույցների վրա:
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը կոռուպցիոն սկանդալի կիզակետում է հայտնվել և ըստ մամուլի, հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է դատախազության որոշմանը, որ պատգամավորին զրկեն անձենռմխելիությունից՝ կալանավորելու համար: