Որևէ մեկը չի բացառում, որ դպրոցի երկար տարիների սիրված տնօրենի դուստրը, ով համապատասխանում է չափորոշիչներին, գա ու դառնա տնօրեն: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Բայց հիմա, եթե 3 անգամ մարդը հարցազրույցը չի կարողացել անցնել այդ բազմամարդ խորհրդում, կարծում եմ շատ տրամաբանական է, որ չի կարող նշանակվել տնօրեն: Ես բազմաթիվ անգամներ լսել եմ, որ իմ դասարանցու կինը, իմ քենու, մորքուրի, հորքուրի աղջիկն է նշանակվել, ուզում եմ տեղյակ լինեք, որ ես այս նոր ժամանակավոր պաշտոնյայի անուն- ազգանունն էլ չգիտեմ:
Այն մարդը, ով նշանակվել է, ինստիտուցիոնալ ինչ-որ ճանապարհով եկել հասել է այնտեղ: Ընդ որում ներսից էլ այդ խնդիրը չի լուծվել, մյուս պոտենցիալ հավակնորդը ասել է՝ ես չեմ կարող, այն մյուսն էլ 3 անգամ հարցազրույցը չի կարողացել անցնել, դե էլ ինչ ասեմ: Ես կտրականապես հերքում եմ բոլոր նմանատիպ ստերը, այդ լեգենդներն էլ ստեղծվում են անճարությունից»,- ասաց Տիգրան Ավինյանը: