Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևանը երկաթգծի կառուցումը, ինչի մասին X սոցիալական ցանցում գրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը։
Նա այս հարցը քննարկել է իր իրանցի գործընկեր Ջաբբար Ալի Զաքերի Սարդրուդիի հետ՝ Թեհրան կատարած այցի շրջանակում:
«Մեր քննարկումների թեման երկաթուղային գծի կառուցումն էր, որը Իրանի տարածքով ուղիղ ցամաքային կապ կապահովի «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի» (չակերտները՝ Tert.am, նկատի ունի օկուպացված Արցախի Հանրապետության տարածքները) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Բացի այդ, մենք քննարկել ենք Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով համագործակցության ամրապնդման հարցերը և խոսել երկու երթուղիների զարգացման ուղղությամբ «Ադրբեջանական երկաթուղիների» ձեռնարկած քայլերի, ինչպես նաև մեր ապագա ծրագրերի մասին»,- գրել է Ռուստամովը։