ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մեկնաբանել է Իսրայելի հարձակումները, որոնց հետևանքով մի քանի խաղաղապահ է վիրավորվել Լիբանանի հարավում։ Նրա կարծիքով՝ նման հարձակումները կարող են դիտվել որպես «ռազմական հանցագործություն»։
«Խաղաղապահների վրա հարձակումները միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում են։ Դրանք կարող են ռազմական հանցագործություն լինել»,- ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՄԱԿ-ի անձնակազմի և գույքի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, և կազմակերպության տարածքների անձեռնմխելիությունը պետք է հարգվի միշտ՝ անկախ հանգամանքներից։
Գլխավոր քարտուղարն կոչ է արել բոլոր կողմերին, ներառյալ Իսրայելի պաշտպանության բանակին, «զերծ մնալ ցանկացած գործողություններից», որոնք վտանգի են ենթարկում ՄԱԿ-ի խաղաղապահներին:
Գուտերեշը նաև նշել է, որ Լիբանանում առաքելությունը լիազորված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։
Կիրակի Իսրայելի պաշտպանության երկու տանկ քանդել են այն հատվածի գլխավոր դարպասը, որտեղ տեղակայված են խաղաղապահները։ Զինվորական տեխնիկայի տարածքը լքելուց երկու ժամ անց արկեր են արձակվել՝ ծուխ առաջացնելով։ Վիրավորվել են մի քանի խաղաղապահներ։ Վերջին օրերին ևս մի քանի խաղաղապահներ են վիրավորվել այլ միջադեպերի հետևանքով։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին՝ հոկտեմբերի 13-ին, դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ կոչ անելով դուրս բերել խաղաղապահ ուժերը լիբանանյան տարածքից։
Իսրայելն այնտեղ ցամաքային գործողություն է իրականացնում «Հեզբոլլահ»-ի դեմ։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ դա անհրաժեշտ է հենց խաղաղապահների անվտանգության համար։