Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահների վրա հարձակումներն անընդունելի են։
«Մելոնին վերահաստատել է իսրայելական զինված ուժերի կողմից ՅՈՒՆԻՖԻԼ-ի վրա հարձակումների անընդունելիությունը՝ հիշեցնելով, որ առաքելությունը գործում է Անվտանգության խորհրդի մանդատի ներքո՝ նպաստելու տարածաշրջանային կայունությանը»,- հայտնում է Իտալիայի Նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը:
Իտալիայի վարչապետը վստահություն է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կիրառումը, որը նախատեսում է աջակցություն Լիբանանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և իսրայելական զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից՝ այնտեղ ՄԱԿ-ի ուժեր տեղակայելու միջոցով, կարող է կայունացնել իրավիճակն իսրայելա-լիբանանյան սահմանին և երաշխավորել բոլոր տեղահանվածների վերադարձը: